Սեպտեմբերի 21-ին Նինոծմինդայում մեծ շուքով, առաջին անգամ նշվեց քաղաքի տոնը։
Տոնին մասնակցեցին Վրաստանի խորհրդարանի անդամներ Սամվել Մանուկյանն ու Սմբատ Կյուրեղյանը, Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին,
Սամցխե-Ջավախեթիում պետական լիազորի տեղակալ Շոթա Ռոստիաշվիլին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, տարածաշրջանի շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, պաշտոնատար անձիք, հյուրեր, շրջանի բազմաթիվ բնակիչներ:
Տոնական օրն անցկացվեց քաղաքի զբոսայգում՝ միջոցառման հանդիսավոր բացմամբ։ Ներկաներին ջերմորեն ողջունեցին և օրվա խորհրդին համաձայն շնորհավորական ելույթներով հանդես եկան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սմբատ Կյուրեղյանը, Սամցխե – Ջավախեթիի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
«Սիրելի նինոծմինդացիներ, հյուրեր, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ, ուզում եմ հավատացնել, որ մեր համատեղ ջանքերով, մեր սրտացավ ու հոգատար վերաբերմունքով մենք շարունակելու ենք բարեկարգել, նորոգել, շենացնել ու զարգացնել Նինոծմինդան, կյանքի կոչել և պատվով ավարտին հասցնել տասնյակ ծրագրեր»,- նինոծմինդացիներին ուղղված իր շնորհավորանքի խոսքում ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը:
Օրվա մշակութային և գեղարվեստական մասին /ասմունք, պար, երգ-երաժշտություն, նկարչություն/ հաջորդեց ուրախ ժամանցը։ Նինոծմնդայի երեխաների համար կազմակերպվել էր աննախադեպ շոու ծրագիր։ Փոքրիկները ստացան շատ անակնկալներ, ժպիտներ ու անմոռանալի պահեր։
Ֆլեշմոբ, մարզական մրցումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ, իհարկե, տոնական համերգ. սա միջոցառումների միայն փոքր ցանկն է, որ նինոծմինդացիները վայելեցին իրենց սիրելի քաղաքի տոնին:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան շրջել նաև զբոսայգում տեղադրված տաղավարներով, դիտել քաղաքի կրթամշակութային կազմակերպությունների սաների աշխատանքները, համտեսել Նինոծմինդա քաղաքի և շրջանի վարչատարածքների ներկայացուցիչների ներկայացրած ավանդական ազգային ուտեստները։
Դրական էմոցիաներով ու ժպիտներով լեցուն էր Նինոծմիդան, ամենուր սեր ու ջերմություն էր, օրվա չվերջանալու ցանկություն։
Ներկաների ցանկությունն էր, որ տոնն ավանդույթ դառնա և հաստատվի նինոծմինդացու տոնացույցում։