Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հուլիսի 10-ին նշվեց գյուղի օրը, միաժամանակ տեղի ունեցավ գյուղի <<Մշո այգի>> զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը։
Տոնական միջոցառմանը գյուղի հասարակության, արտերկրից ժամանած հյուրերի հետ մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սմբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախեթիում պետական նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահի և քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները։
Տոնի մեկնարկը տրվեց գյուղի <<Սուրբ Աստվածամայր>> կաթոլիկ եկեղեցում՝ սուրբ պատարագի մատուցմամբ։ Այնուհետև շարունակվեց տոնական ծրագրով՝ երգ ու պարով, հայտնի երգիչների ներկայությամբ։
Տոնը կայացավ գյուղի <<Do Good>> հիմնադրամի շնորհիվ։ Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է գյուղում` գյուղացիների համընդհանուր մասնակցությամբ։ Հիմնադրամի զարգացմանը մեծապես նպաստել են՝ Գագիկ Բեզոյանը, Գարիկ Զոբյանը, Հովհաննես Սոխոյանը, Թումաս Վարդանյանը, Արմեն Սանամյանը, Ստեփան Տեփիկյանը։ Տարիներ շարունակ վերոնշյալ հիմնադրամի միջոցով գյուղում տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել՝ վերանորոգվել է եկեղեցին, ստեղծվել է այգին, կառուցվել՝ խաղահրապարակ։
<<Մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան ոչ միայն տոնի կազմակերպման հարցում, այլև այն կարևոր հիմնադրամի ստեղծման, որի միջոցով գյուղի շատ առաջնային հարցեր են լուծվում>>,-նշեց ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Տոնն, ըստ գյուղացիների` կունենա շարունակական բնույթ և կնշվի ամեն տարի հուլիսի 10-ին։








