Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ, հարգելի’ մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկիզբ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է մեզ համար, քանզի գիտելիքն ու կրթությունն այն հենասյուներն են, որոնցով մարդը, հասարակությունն ու պետությունը հաղթահարում են ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:
Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ շնորհավորանքներս ձեզ։ Լա’վ սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերե’ք և հարստացրեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային պայմաններից է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայման։
Միշտ հիշեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը` դեպի մեծ կյանք։
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում բոլոր ուսուցիչներին, պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթում հաջողություններ բարդ և պատասխանատու աշխատանքում:
Հարգելիներս, Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային և մասնագիտական պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ գիտակից և արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը: